Իվան ԻԼՅԻՆ
Կյանքն արվեստ է, իսկ ամեն մի արվեստ կոչված է ներդաշնակություն ստեղծելու։ Գոյություն ունի և սոցիալական ներդաշնակություն. այն նախապատրաստելու, ստեղծելու և պահպանելու արվեստը կոչվում է տակտ (նրբազգացություն)։
Բայց թե ինչ է տակտը, չգիտի ոչ ոք։ Քանզի տակտ ունեցողը նրանից օգտվում է գրեթե անգիտակցորեն, ինտուիտիվ, ստեղծագործորեն, իսկ չունեցողն ապրում է այնպես, կարծես «դա» ամենևին չկա։ Ի բնե անտակտը չի էլ հասկանա տակտի խնդիրը։
Մարդն անմիջապես դառնում է անտակտ, եթե ուշադիր է միայն իր նկատմամբ և ուշադրության չի արժանացնում ուրիշի հոգին։ Այդպես, սակայն, վարվում են շատերը, մասամբ` հոգևոր կոպտությունից, որը բոլորովին չի ընկալում բարդն ու նուրբը, մասամբ` մեծամտությունից և ինքնագոհությունից կամ բնավորության կարծրությունից, որոնք անհնարին են դարձնում որևէ խոր թափանցում ուրիշի կյանքի մեջ։ Անտակտը որոշ իմաստով նման է կարճատեսի կամ կույրի, որը չի էլ ենթադրում, թե իր տեսողությունը թույլ է, նրա յուրաքանչյուր քայլը սխալ է, նա քայլում է մեծ դժվարությամբ, հաճախ անճոռնի ձևով` իր ճանապարհին կործանելով ամեն ինչ։ Նա իրեն շրջապատում է անընդհատ հայտնվող անելանելի վիճակներով և, իհարկե, չի էլ կռահում, որ ինքը պարզապես անտաշի մեկն է։ Նա վերաբերվում է ուրիշներին այնպես, կարծես նրանք բոլորը նման են իրար կամ էլ «սովորական ցածր մարդիկ են», այսինքն, նա չի տեսնում նրանց ներհատուկ յուրատեսակությունը ու նրանց հետ կոպիտ է վարվում։ Դրա պատճառով առաջացած անհաջողությունը նա «ինքնին հասկանալի կերպով» մեղսագրում է հենց այն «սովորական սրիկա մարդուն»։ Սակայն անհաջողությունը կրնկակոխ գնում է անտակտի հետևից` ընկերության մեջ, աշխատանքի վայրում, անձնական կյանքում, հասարակական գործունեության մեջ։
Սկզբից ևեթ պարզ է, որ չի կարելի հավաստիորեն ճանաչել սեփական շրջապատի մարդուն։ Հաճախ հերիք է մի թռուցիկ հայացք, վայրկենական ինտուիցիա։ Սակայն պահանջվում է ուրիշների կենսական ռիթմի և բովանդակության մեջ աստիճանական ներթափանցում, այսինքն` ընկալման նրբություն, բարձր զգայունություն և զգայուն հոգու դիտողականության ընդունակություն։ Այդ խոր թափանցումը թույլ է տալիս մարդուն ճիշտ նախազգալ սեփական խաղընկերոջ (գուցե, սեփական թշնամու) հոգևոր և իրական ռեակցիան կամ վստահությամբ ակնկալել այն։ Դրա համար հոգու մի մասը զատվում է, որ կարողանա ապրել, ասես, «ախոյանի» մեջ, որպեսզի լուսաբանի և կենսագործի լուծվող խնդիրը ոչ միայն սեփական, այլև ուրիշի տեսակետից։
Տակտը, ուրեմն, ուրիշներին` բարեկամին և թշնամուն, ճիշտ հասկանալու, ավելորդ խայթոցներից խուսափելու, վնասակար կրքեր չբորբոքելու, այլ դրանք հանգստացնելու, կենտրոնախույս ուժերը զսպելու թանկագին արվեստ է։ Տակտը նման է ճանապարհային հսկիչի. նա «ուղի է հարթում», «մաքրում», «փակում է» կամ «կապում»։ Նա կարողանում է պատշաճը հատուցել յուրաքանչյուրին, այնպես որ բոլորն իրենց զգում են «լավ ընկալված» և ուշադրությամբ շրջապատված։ Նա տիրապետում է ցանկացած իրադրության, այդ թվում` տհաճ ու խճճված։ Նա իր հետ բերում է միջնորդություն, չափ և ճաշակ։ Նա ստեղծում է փոխըմբռնում և խաղաղություն. «հաշտեցումը» նրա նշանաբառն է, «փոխադարձությունը»` նշանաբանը։ Նա «դիվանագետ է» բառիս ամենավեհ իմաստով։ Նա միշտ հոգ է տանում, որ մարդիկ ոչ միայն «չվիճեն» իրար հետ, այլև «գտնեն» իրար, որպեսզի ստեղծագործ հասարակությունը և բնակազմական համագործակցությունը դառնան հնարավոր երկրի վրա։
Այստեղ Պլատոնը գուցե կհարցներ. դրված չէ՞ արդյոք տակտի մեջ ինչ-որ «աստվածային» բան։ Իսկ Կոնֆուցիոսը կհաստատեր, որ տակտը վերաբերում է տաո-ին, այսինքն, ստեղծագործ «միջինի ճանապարհին», աշխարհի հավերժ ռիթմին, որից և ծնվում է ներդաշնակ հավասարակշռությունը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ